Երկու օր առաջ Ռիգայում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ընկերական հանդիպում անցկացրեց Լատվիայի, պարզ ասենք, ոչ այնքան ուժեղ ընտրանու հետ ու պարտվեց 0։2 հաշվով: Թերևս Հայաստանում դժվար է գտնել մեկին, ով հիասթափված չլինի թե՛ հանդիպման արդյունքից, թե՛ տղաների կատարողականից: Ասում ենք՝ թերևս, որովհետև, թարմ հետքերով, այդպիսի մեկը նաղդ կա, ու այդ մեկը հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդն է, ով հետխաղյա ասուլիսում շտապել է հայտարարել, որ հիասթափված է հանդիպման արդյունքից, բայց ոչ թիմի խաղից:
Որքան էլ վերապահումը ինքնապաշտպանության բնական արտահայտություն է, մարդկայնորեն հասկանալի ռեակցիա, այնուամենայնիվ, քանի որ մենք էլ այստեղ «մուկ չենք տշում», կուզենայինք իմանալ, թե խաղի ի՞նչ որակներ նկատի ունենալով է Շալանդը գոհ մնացել դրանից: Եթե «խաղային ու տարածքային առավելությունն» (իր առանձնացրածն է) ասածը կռվան չէ: Կռվանը խաղի վերջնարդյունքն է, որի թվային արտահայտությունը 0։2-ն է:
Եթե-ները կարելի է շարունակել, սակայն դրանից ոչինչ չի փոխվի: Չգիտեմ, թե դուք ինչից, ես միայն մի բանից եմ վախենում. վերջում հանկարծ չպարզվի, որ Շալանդը ոչ թե մարզիչ է, այլ փիլիսոփա: Հավատացեք, ես սա նրա համար չեմ ասում, որ մերոնք Ռիգայի «Ալբերտ Էյնշտեյն» հյուրանոցում են մնացել, ու սույնը մեր մարզչին մղել է աշխարհահռչակ գիտնականի հանրահայտ մեջբերումն անելուն: Մենք ոչ թե հավանաբար, այլ հաստատ տեղյակ ենք փորձի ու իմացության մասին Էյնշտեյնի հայտնի բանաձևմանը, ու դրա համար պետք չէ Շվեյցարիայից մարդ հրավիրել (ուրիշ բան, որ նրա հետ բանակցածները կարող էին հանգամանքների բերումով լսած չլինել «Համաշխարհային ճանաչման հիմքում ընկած է փորձը» արտահայտությունը): Մեզ խաղ է պետք: Այլապես մենք (նկատի ունեմ համեստ անձս) լրջորեն կմնանք այն հաստատ համոզմունքին, որ եթե մարզիչ են ընտրում 49-ի միջից (սա ամիսներ շարունակ Հայաստանի հավաքականն առանց գլխավոր մարզչի թողնելու մեր ֆուտբոլի ֆեդերացիայի բարձրաձայնում-«գիտական» հիմնավորումն է), ապա դա ոչ թե ընտրություն է, այլ «ձյաձյա, չե՞ս գա մեր հավաքականը մարզի» փողոցային կանչ-հարցում: Հասկանալի է, որ վերջին տարիներին հայաստանյան իրականության շատ ոլորտներում փողոցն է տնօրինություն անում, բայց հո անվերջ չի՞ կարելի այս մտայնությամբ ապրել: Ինչևէ: Մնանք լավատես ու հավատանք, որ ընտրության հարցում արմատապե՛ս չենք սխալվել: Մասնավորեցումս կապված է ֆուտբոլի հետ:
Հայկական ֆուտբոլի թեման փակելով՝ ասենք, որ նույն օրը Ռեյկյավիկում իսլանդացիների հետ պաշտոնական հանդիպում էր անցկացնում մեր քսանմեկ տարեկանների ընտրանին: Արդյունքն ավելի քան տխրեցնող է: Չորս անպատասխան գնդակը չորով պատասխան էր խմբից դուրս գալու մեր տեսական հնարավորության հարցին:
Հասկանալի է, որ սեպտեմբերի 3-ը միայն Հայաստանի ընտրանու համար ընկերական հանդիպման օր չէր: Առանձնակի հետաքրքրությամբ էր մասնավորապես սպասվում ֆուտբոլի աշխարհի առաջնության գլխավոր եզրափակչի մասնակիցների հանդիպումը: Այն ժամանակ նվազագույն հաշվով կրած պարտության դիմաց արդեն հիսուներորդ րոպեին արգենտինացիները հաղթում էին 4:0 հաշվով ու դրանից հետո մի փոքր ազատություն տվեցին գերմանացիներին: Գրանցվել է 4:2 հաշիվ: Ի դեպ, հանդիպմանն առանձնապես ջանացել է Անխել դի Մարիան՝ դառնալով գոլի, երեք գոլային փոխանցման հեղինակ: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ կայացած հանդիպումը նա բաց էր թողել վնասվածքի պատճառով: Ահա այսպիսի յուրօրինակ վրեժ ֆուտբոլիստի ու նրա թիմակիցների կողմից, այն էլ՝ գերմանական հողում:
Շնորհիվ 11-մետրանոցից դարպասի գրավման (ՈՒեյն Ռունի)՝ անգլիացիները նվազագույն հաշվով հաղթել են նորվեգացիներին, ռուսները չորս անպատասխան գնդակ են ուղարկել ադրբեջանցիների դարպասը: Թուրքերը դրսում դանիացիներին հաղթել են 2:1 հաշվով, արտագնայում ամերիկացիները նվազագույն հաշվով պարտության են մատնել չեխերին: Նման արդյունք է գրանցվել նաև ՈՒկրաինա-Մոլդովա դիմակայությունում:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ